Էրդողան-Պուտին հանդիպումը նախատեսվածից շուտ կարող է կայանալ
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է նախատեսվածից շուտ կայանալ: Այս մասին Չավուշօղլուն հայտարարություն է արել՝ թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ամենայն հավանականությամբ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Էրդողանի ու Պուտինի միջև հանդիպում կկայանա»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը' հիշեցնելով, որ նախապես ծրագրավորված էր, որ նախագահները հանդիպեն սեպտեմբերին' G-20 երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նա անդրադարձել է Ռուսաստանի հետ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրաստակամության մասին: «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչու՞ նույնը չանենք Ռուսաստանի հետ»,- ասել է Չավուշօղլուն: