Չինաստանի ֆինանսների նախարարը խոսել է Brexit-ի հետևանքների մասին
ՄիջազգայինԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ անցկացված հանրաքվեի հետևանքները կարող են լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային տնտեսության վրա, բայց ի հայտ կգա մոտակա 5-10 տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարար Լոու Ցզիվեյը:
«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը նոր է սկսվում...այն կարող է ապագայում լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային տնտեսության վրա: Եվրամիությունից դուրս գալը դժվար թե բարենպաստ լինի երկրի համար, դրա հետևանքներն ի հայտ կգան առաջիկա 5-10 տարիների ընթացքում: Չնայած ներկայում դժվար է հստակ որոշել Brexit-ի ազդեցությունը, այդուհանդերձ համաշխարհային տնտեսությանը անհրաժեշտ է հանգստանալ ու որոշել, թե ինչ ազդեցություն կթողնի գործընթացը»,-ասել է Չինաստանի ֆինանսների նախարարը:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու հարցով հունիսի 23-ին անցկացրել է հանրաքվե: Պաշտոնական արդյունքների համաձայն, Եվրամիությունից դուրս գալուն կողմ է արտահայտվել մասնակիցների 51.9 տոկոսը: