Եգիպտոսը խոստացել է օգոստոսին ավարտել երկրորդ Սուեզյան ջրանցքի կառուցումը
Ուշադրության կենտրոնումԵգիպտոսում նոր ջրանցքի կառուցումը, որը պետք է ընդլայնի Սուեզի ջրանցքը, կավարտվի այս տարվա օգոստոսին: BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են երկրի իշխանությունները:
Նոր ջրային նախագիծը, կանխատեսումների համաձայն, պետք է 2.5 անգամ մեծացնի Սուեզի ջրանցքի շահագործումից ստացվող` Եգիպտոսի տարեկան եկամուտը` այն հասցնելով 13.5 մլրդ դոլարի:
Ջրանցքի կառուցումն սկսվել է 2014-ի օգոստոսին, իսկ նախագիծն իրագործել հաջողվել է ռեկորդային ժամկետներում: Սկզբնական շրջանում նախատեսվում էր աշխատանքներն ավարտել երեք տարում, սակայն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին հրահանգել է տեղավորվել 12 ամիս ժամկետում:
Նախագծի ֆինանսավորմանը մասնակցել են Եգիպտոսի բնակիչները: Այդ նպատակով իշխանությունները տարեկան 12 տոկոսով պարտատոմսեր են թողարկել, որն օգնել է 8 մլրդ դոլար հավաքել:
Նախկինում հաղորդվում էր, որ ջրանցքի երկարությունը կկազմի 72 կմ, իսկ անցանելիության հնարավորությունը` օրական 46 նավ:
Աղբյուրը՝ Orer.am