Ֆինլանդիայում արջը վախեցրել է զինծառայողներին և դարձել ուսումնավարժանքների դադարեցման պատճառ
ՀասարակությունՖինլանդիայում արջը դադարեցրել է զորավարժությունները, որոնց 3000 զինծառայող էր մասնակցում. Գիշատիչը անցել է զորամասի տարածքով՝ վախեցնելով զինծառայողներին և սպաներին, հայտնում է Lenta.ru-ն:
Ներթափանցելով բազայի տարածք՝ ծուռթաթը համտեսել է զինվորների համար պատրաստված ճաշը, որից հետո պատռել է զինծառայողների առանց հսկողության մնացած իրերը:
«Սովորաբար արջերը խուսափում են մարդկանցից, սակայն այս մեկն առհասարակ չի վախեցել», - ասել է բրիգադի մամուլի քարտուղար Սաթու Հույանենը:
Նրա խոսքով՝ տուժածները չկան: Կենդանու հնարավոր հարձակումից վախեցած զինծառայողները բարձրացել են մոտակա բեռնատարների վրա ու սպասել, մինչ վտանգն անցնի:
Զորամասի հրամանատարությունը որոշել է, որ արջը սպառնալիք է անձնակազմի համար և Ֆինլանդիայի օրենքի համաձայն՝ դիմել է ոստիկանություն՝ գիշատչի վրա կրակելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան հրահանգ ստանալուց հետո՝ կենդանուն սպանել են: