Վարազդատ Հարոյանը կխաղա Իրանի Խորասան նահանգում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում կխաղա Իրանի «Փադիդե» (Մեշհեդ քաղաք) ակումբում, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը: Հունիսի 7-ին ձախողվել էր 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Թավրիզի «Տրակտոր Սազի» ակումբ: Ադրբեջանաբնակ Թավրիզի ֆուտբոլասերները դեմ էին հանդես եկել հայ խաղացողի ներկայությանը եւ ակումբը գործարքը չեղյալ էր համարել:
Այժմ Հարոյանը պայմանագիր է կնքել Խորասան Ռեզավի նահանգը ներկայացնող ակումբի հետ: Թուրքմենստանին սահմանակից նահանգում ադրբեջանական բնակչություն չկա: Ազգային փոքրամասնություններից ներկայացված են թուրքմեններն ու քրդերը: Իրանի ավարտված առաջնությունում «Փադիդեն» գրավել է 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Իրանում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Նա ներկայացնում է Թեհրանի «Էստեղլալը»: