Աշխատանքային բարեփոխումների պատճառով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի վրա հավկիթներ են նետել
ՀասարակությունՖրանսիայում աշխատանքային բարեփոխումների հակառակորդները էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի ուղղությամբ հավկիթներ են նետել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին։
Ֆրանսիայի ղեկավարությունը, հասկանալով, որ աշխատանքային օրենսդրության բարեփոխման մասին օրենքն ավանդական ճանապարհով ընդունել չի հաջողվի, դիմել է երկրի սահմանադրության 49.3 հոդվածին, համաձայն որի՝ վարչապետը, համոզված լինելով օրենքի ընդունման անհրաժեշտության հարցում, իր իշխանությամբ անցկացնում է փաստաթուղթը խորհրդարանով առանց բանավեճերի ու քվեարկության։
Դեպքը տեղի է ունեցել Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնտրեյ քաղաքում։ Նախարարը քաղաք էր եկել ներկայացնելու նոր փոստային նամականիշը՝ թողարկած «Ժողովրդական ճակատ» քաղաքական կոալիցիայի 80-ամյակի առթիվ, որն իշխանության ղեկին է եղել 1936-1937թթ.։
Արհմիութենական կազմակերպությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ նախարարին դիմավորել են «Հեռացի՛ր» կոչերով, որից հետո սկսել նրան հարվածել հավկիթներով։ Դրանցից առնվազն մեկը դիպել է նրա գլխին։