Իբրահիմովիչը 1 տարվա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ
ՍպորտՇվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky sports-ը:
Կայքը նշում է, որ Իբրահիմովիչը 1 տարվա համաձայնագիր է ստորագրելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Հաղորդվում է, որ անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն այս օրերին ավարտին է հասցնում պայմանավորվածությունները ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև: Սպասվում է, որ գործարքը կձևակերպվի մինչև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը՝ հունիսի 10-ը:
Եթե գործարքը կայանա, շվեդ հարձակվողը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին ձեռքբերումը: Զլատան Իբրահիմովիչն ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ստացել ազատ խաղացողի կարգավիճակ: