Թուրքիան ու Ադրբեջանը միասին «կարող են լուծել» ցանկացած խնդիր. Բինալի Յըլդըրըմ
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հանդիպել է երկրում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է Trend-ը:
Ասադովը՝ գնահատելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները, հիշեցրել է Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.5 միլիարդ դոլար, և իրենք մտադիր են այդ ցուցանիշը մեծացնել ապագայում:
Ինչպես նշել է Ասադովը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի համար ցավագին խնդիր հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության հարցում մշտապես եղել է Ադրբեջանի կողքին:
Յըլդըրըմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են համատեղ գլոբալ նախագծերի իրագործմանը. ««Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, TANAP և TAP գազատարները դրա վառ վկայությունն են: Ադրբեջանն այսօր խոշոր ներդրումներ է կատարում Թուրքիայի տնտեսությունում»:
Յըլդըրըմը կրկին դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, թե պատմությամբ «պետք է» զբաղվեն պատմաբանները:
Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես կլինի Ադրբեջանի կողքին, և Թուրքիան ու Ադրբեջանը միասին «կարող են լուծել» ցանկացած խնդիր: