ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԱԳ նախարարներին փաստաթղթերի նախագծեր են ներկայացրել. հայտարարություն
ՄիջազգայինՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը, ու բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ ուղղված համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելուն: Այս մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հավատարմությունը: Համանախագահները նախարարներին կողմերի քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը, ու բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ ուղղված համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելուն»: