Սևանա լճի ափամերձ տարածքներում կիրականացվեն անտառավերականգնման աշխատանքներ
ՀասարակությունՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց ավելի քան 46 մլն դրամ՝ Սևանա լճի ափամերձ (Սևան-Արտանիշ հատված՝ 10 հա և Դրախտիկի հատված՝ 10 հա) տարածքներում անտառավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ ծրագիրը կպաստի էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը:
Ծրագրի նպատակն է՝ նաև Կոտայքի մարզում' «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում, կոճղաշիվային վերաճի օժանդակման միջոցով բարելավել նախկինում հատված և մացառային եղանակով վերականգնված անտառների վիճակը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2016թ. մարտի 17-ին կայացած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի համապատասխան արձանագրության պահանջներից: