Էրդողանին մայիսին պետք է գահընկեց անեին. Քրդական բանվորական կուսակցություն
ՄիջազգայինՔուրդիստանի աշխատավորական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Դուրան Քալկանը քրդական Firat գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016թ.-ի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է պաշտոնանկ անեին, գրում է REGNUM գործակալությունը:
«Ով և ինչպես պետք է դա աներ, մենք չգիտենք, սակայն քրդական դիմադրությունն Էրդողանի իշխանությանը զգալի վնաս է հասցրել»,-ընդգծել է նա:
Քալկանի կարծիքով՝ քրդերը Էրդողանին թողել են ավերակների հետ դեմ-դիմաց: «Դա պարզ ճշմարտություն է, նա պարզապես պարտություն է կրել: Էրդողանը պատերազմի մեջ մտավ «ես կոչնչացնեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» արտահայտությամբ, բազմաթիվ սպանություններ և հրեշավոր գործողություններ ձեռնարկեց, սակայն հաջողության հասնել չկարողացավ»:
«Նա պարտվեց, և Թուրքիայում Էրդողանի էջը պետք էր փակել: Էրդողանը դա զգում էր: Դավութօղլուի պաշտոնանկությունը, կառավարությունում և կուսակցությունում կադրային փոփոխությունները, խորհրդարանականների անձեռնմխելիության վերացումը պատասխան վախվորած քայլեր էին: Այդ կերպ, իր ձեռքը վերցնելով խորհրդարանի, կառավարության և կուսակցության վերահսկողությունը, Էրդողանը կանխեց իր դեմ պատրաստվող քայլերը»,- հայտնել է քուրդ գործիչը: