Իրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասին
Իրանն ապահովում է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգությունը՝ չնայած դրանցից մի քանիսում անկայուն իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Նոզար Նեմաթին, տեղեկացնում է Mehr-ը։
Ըստ գեներալի, երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել սահմանները, իսկ հակառակորդը գիտակցում է նրանց կարողությունները և ի վիճակի չէ Իրանի հետ ցամաքային առճակատման մեջ մտնել։
Շաբաթ օրը Թեհրանում ելույթ ունենալով Հազրաթ Ալի Աքբարի անվան «Երիտասարդ զինվոր» 19-րդ փառատոնում՝ Նեմաթին ընդգծել է, որ ցամաքային զորքերը նախապես ստորաբաժանումներ են տեղակայել սահմաններին և անհրաժեշտ միջոցներ են նախապատրաստել երկրի տարածքը պաշտպանելու համար։
Գեներալը նաև հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի և դրան հաջորդած բախումների ընթացքում ցամաքային զորքերը զինված ուժերի մյուս ստորաբաժանումների հետ համատեղ հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։
Նրա հավաստմամբ, ցամաքային զորքերի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները հակամարտության հենց սկզբից մասնակցել են ռազմական գործողություններին և շարունակում են կատարել իրենց խնդիրները։
Նեմաթին զինված ուժերի պատրաստվածությունն ու բնակչության աջակցությունն անվանել է սպառնալիքների զսպման երկու առանցքային գործոն։ Նա հավելել է, որ սահմաններին և պաշտպանական մյուս ոլորտներում մարտական պատրաստականության պահպանումն Իրանին թույլ է տալիս դիմակայել արտաքին մարտահրավերներին։