ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ից կենսական նշանակություն ունեցող հակաբալիստիկ հրթիռների մատակարարումների ուշացման և բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա բավարար ճնշում չգործադրելու համար։ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ «տարօրինակ» է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած լուսանկարը, որտեղ նա գրկախառնված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան անվանելով «իմ ընկեր»։
«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի որոշելիքն է, բայց… տարօրինակ է», – ասել է Զելենսկին։
«Նա ագրեսոր է և մարդասպան… Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող», – ասել է նա՝ ակնարկելով, որ դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը հայտարարեր, թե ընկեր է Ադոլֆ Հիտլերի հետ։
BBC-ն հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում ՌԴ-ի և Ուկրաինայի թիմերի միջև անցկացված բանակցությունները որևէ ակնհայտ առաջընթաց չեն ապահովել։
«Որքան ավելի շատ բան ենք իմանում, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում», – այսպես է Զելենսկին բնութագրել իրավիճակը։
Նա ասել է, որ բանակցությունները նախատեսվում է վերսկսել դեկտեմբերին։ Զելենսկին նաև հայտնել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք եվրոպացի բանակցողները կմասնակցեն բանակցություններին, ինչպես հայտարարել էին ԱՄՆ-ի բանագնացները։
Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինացի զինվորականներն այժմ կարողանում են ոչնչացնել ռուսական ամենաարագ անօդաչու թռչող սարքերի շուրջ 70 տոկոսը։ Նա հավելել է, որ այդ ցուցանիշը բարելավվում է։ Սակայն, նրա խոսքով, բալիստիկ հրթիռները խոցելու համար նախատեսված հակահրթիռային համակարգերի պակասը «չափազանց, չափազանց մեծ» է։ Նա նաև ասել է, որ ամերիկացիները ձգձգում են Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները։
«Ցավալի է, որ նրանք կենտրոնացել են Մերձավոր Արևելքի վրա և ավելի շատ օգնում են այնտեղ… Ցավալի է։ Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ հարցեր ունենք։ Այս հրթիռների պակասը մարդկային կյանքեր է խլում», – ասել է Զելենսկին։
Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ի արբանյակային կապի Starlink համակարգը, ինչպես նաև դրա ռազմական տարբերակը՝ Starshield-ը, շարունակում են սահմանափակվել Ուկրաինայի այն տարածքներում, որոնք պատերազմի ընթացքում անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Զելենսկուն հարց է ուղղվել, թե ով է կայացրել այդ որոշումը։
«Տեխնիկապես՝ SpaceX-ը, քաղաքական առումով՝ չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Դա կարծես պինգ պոնգ լինի։ Մենք հարցնում ենք մի կողմին, նրանք ասում են՝ մյուս կողմն է», – պատասխանել է Զելենսկին։
Զելենսկին նաև պաշտպանել է Լիբիայի ափերին ռուսական «Մերկուրի» ռազմանավին հասցված հարվածը՝ նավն անվանելով «միանգամայն արդար թիրախ»։ Նոյեմբերի 26-ին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անթույլատրելի էր որակել պատերազմի տարածումը միջերկրական ծովում։
Զելենսկին ընդունել է, որ նման հարվածները «շատ վտանգավոր» են, սակայն ասել է, որ Ուկրաինայի ուժերը «երբեք հարվածներ չեն հասցնում»՝ առանց իրենց գործընկերների հետ համաձայնեցնելու։
Զելենսկին նաև ընդունել է, որ Ուկրաինան պատրաստվում է ծանր և վտանգավոր ձմռան։
BBC-ն նշում է, որ որոշ բնակիչներ արդեն հեռացել են Կիևից, մի շարք բիզնեսներ փակվել են, քանի որ էլեկտրաէներգիայի անջատումները և լոգիստիկ ցանցերի վրա հարձակումները գործառնական ծախսերն այնքան են բարձրացրել, որ դրանք դարձել են անկառավարելի։ Հարձակումները նաև քաղաքի մեծ մասը խավարի մեջ են թողել։
«(Ռուսաստանը) ցանկանում է, որ մենք փախչենք, իհարկե, – ասել է Զելենսկին։ – Մարդիկ կարող են հեռանալ, բայց մենք կփորձենք պաշտպանել մեր մայրաքաղաքը բոլոր հնարավոր միջոցներով։ Մեզ մեր մայրաքաղաքը պետք է։ Առանց մայրաքաղաքի երկիր չկա»։
Նոյեմբերի 26-ին Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ անցյալ շաբաթ Չինաստանում Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել Եվրոպայի ողջ տարածքում ռազմական ագրեսիայի ցանկացած դրսևորում»։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է «մեծապես հավանական»։