Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից
iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ։
Գործող կարգավորումների համաձայն՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
Ովքեր կարող են տարկետում ստանալ
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ տարկետում կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնք մշակույթի և արվեստի բնագավառներում ունեն նշանակալի նվաճումներ։
Մասնավորապես, այդ շրջանակում ընդգրկվում են՝
- կատարողական արվեստի բնագավառում անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր դարձած և մշակույթի ու արվեստի բնագավառներում ՀՀ պատվավոր կոչում ստացած քաղաքացիները,
- կատարողական արվեստի բնագավառում անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երկու նախագծերի հաղթող կամ մրցանակակիր դարձած քաղաքացիները,
- միջազգային հեղինակավոր հարթակներում և խոշոր միջոցառումներում պարբերաբար հանդես եկող քաղաքացիները։
Տարկետումը տրամադրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը։
Ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից
ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 13-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել 15 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է տարկետում տրամադրել հետևյալ քաղաքացիներին՝
- Գոռ Անդրանիկի Սարգսյանին,
- Էդուարդ Սերգեյի Դայանին,
- Հարություն Պարույրի Ասատրյանին,
- Հայկ Ավագի Ավագյանին,
- Էրիկ Արմանի Մխիթարյանին,
- Նարեկ Արմանի Ջուլհակյանին,
- Գևորգ Կարապետի Մատինյանին,
- Արթուր Համլետի Գրիգորյանին,
- Գուր Գոռի Սարգսյանին,
- Դավիթ Արտակի Տոնոյանին,
- Դավիթ Արտակի Հակոբյանին,
- Աշոտ Տարոնի Մանասերյանին,
- Ավետիս Մանվելի Պատուրյանին,
- Ալբերտ Սամվելի Հովհաննիսյանին,
- Գոռ Վարուժանի Ենոքյանին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից։ Մասնավորապես, այն միտված է մշակութային և ստեղծարար ոլորտներում երիտասարդ ստեղծագործողների գործունեության խթանմանը, նրանց միջազգային մշակութային գործընթացներում ներգրավելուն, ինչպես նաև մշակութային և կրթական քաղաքականությունների ներդաշնակեցմանը։