Անհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին
Վաշինգտոնը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին նախազգուշացրել նոր հարձակումների և հակամարտության սրման վտանգի մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախազգուշացումը հնչել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների և Էր Ռիադի վրա եմենցի հութիների հարձակման ֆոնին։
Նախազգուշացման մեջ նշվում է, որ Իրանը, հութիները և Թեհրանի հետ կապված այլ խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերն ու քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերություններն ու հաստատությունները։
«Որևէ պատճառով մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», – ասվում է նախազգուշացման մեջ։
Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքին ու պատրաստ լինել չվերթների հնարավոր չեղարկմանը և օդային տարածքի փակմանը։
Նախազգուշացման մեջ նաև նշվում է, որ Իրանի ցամաքային սահմանները հատելու կանոնները և նպատակակետ երկրներ մուտք գործելու պայմանները կարող են կարճ ժամանակահատվածում փոփոխվել։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել ցույցերից, մարդկանց մեծ կուտակումներից և ոստիկանական ուժերի ուժեղացված ներկայությամբ շրջաններից, ինչպես նաև զգոնություն պահպանել ԱՄՆ-ի հետ առնչություն ունեցող վայրերում։
Օդային հարձակումների դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ դռներից, պատուհաններից և բեկորներից, բջջային հեռախոսները լիցքավորված պահել և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։
Նրանց նաև առաջարկվել է գրանցվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղեկատվական համակարգում՝ անվտանգության վերաբերյալ թարմ տեղեկություններ ստանալու համար։
Հավելենք՝ ԱՄՆ-ն և Իրանը 1980 թվականից դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Շվեյցարիան Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը, իսկ նախազգուշացման մեջ որպես օգնության կարիք ունեցող քաղաքացիների համար կապի միջոց նշված է Շվեյցարիայի դեսպանատան՝ ԱՄՆ շահերի ներկայացուցչության բաժինը։