ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ
Ռուսաստանն ամրապնդում է Ֆինլանդիայի հետ սահմանին մոտ գտնվող ռազմական ավանը, հայտնում է ֆիննական Yle մեդիաընկերությունը, որն ուսումնասիրել է արբանյակային լուսանկարները։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ֆինլանդիայի հետ սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կամենկայում 2026 թվականին բազմաթիվ շենքեր են ապամոնտաժվել, և սկսվել է նոր շինությունների կառուցումը։
Մասնավորապես, քանդվել են ռազմական տեխնիկայի համար նախատեսված անգարներ, երկու ճաշարան և երկու զորանոց։ Ռազմական ավանում վերանորոգվում են նաև զինծառայողների ընտանիքների բնակության համար նախատեսված շենքերը։
Yle տվյալներով՝ 1990-ականների վերջից Կամենկայում տեղակայված էր շուրջ 4400 զինծառայողից բաղկացած բրիգադ։ Այժմ այնտեղ տեղակայված է 69-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որի զինծառայողները մարտական գործողությունների են մասնակցում Ուկրաինայում, մասնավորապես՝ Խարկովի շրջանում։ Դիվիզիայի կազմավորման գործընթացը շարունակվում է։ Ակնկալվում է, որ դրա անձնակազմի թվաքանակը կհասնի մինչև 11 հազար մարդու։
Ավելի վաղ ֆիննական «Իլտալեհտի» թերթն արդեն գրել էր, որ Կամենկայում ընդլայնվում են ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կառուցվում են նոր հրաձգարաններ։