Զելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի սկզբունքով ԱՄՆ-ի առաջարկած անվտանգության երաշխիքների արդյունավետությունը՝ պնդելով, որ առավել հուսալի լուծում կլինի Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր ելույթում Զելենսկին պահանջել է հստակեցնել արևմտյան գործընկերների պարտավորությունները, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի հնարավոր տեղակայման հարցը։
«Ո՞ր երկրները կաջակցեն Ուկրաինային, եթե նրա վրա կրկին հարձակվեն։ Կոնկրետ ի՞նչ կանեն մեր գործընկերները։ Ի՞նչ զորքեր նախապես կտեղակայվեն մեր տարածքում։ Որքա՞ն կարժենա դա։ Եվ արդյո՞ք այդ ամենն իսկապես կգործի», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Կիևը դեռևս հստակ պատասխաններ չի ստացել։
Զելենսկու կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի արդյունավետ և հուսալի լուծում կլիներ։
«Մի՞թե բոլորիս համար ավելի լավ, ավելի էժան և հուսալի լուծում չէր լինի Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ ընդունելը», - հարց է բարձրացրել Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն առաջարկում է անվտանգության երաշխիքների մի մոդել, որը չի ենթադրում ո՛չ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ արևմտյան զորքերի տեղակայումը նրա տարածքում։ Մոսկվան դեմ է երկու տարբերակին էլ։