Թուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը
ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն (COP31) նոյեմբերի 23-ին ավարտվել է՝ առանց վերջնական համաձայնագրի։ Եվրամիությունն ու մի շարք երկրներ մերժել են համաժողովի նախագահող երկրների՝ Թուրքիայի և Ավստրալիայի ներկայացրած փաստաթուղթը՝ այն համարելով չափազանց թույլ՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում առաջընթաց ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները նախատեսված ժամկետից երկու օր ավելի էին տևել՝ դառնալով ամենաերկարը COP-ի պատմության մեջ։ Այդուհանդերձ, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել։
«Այլևս անելիք չկա։ Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ», – եզրափակիչ լիագումար նիստում հայտարարել է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքային զարգացման և կլիմայական փոփոխությունների հարցերով նախարար, COP31-ի նախագահ Մուրաթ Քուրումը՝ նշելով, որ նոր փաստաթուղթ չի ներկայացնելու։
Այնուհետև նա լքել է բեմը, թեև երկրների ներկայացուցիչները դեռ շարունակում էին ելույթները։
Ավստրալիայի ներկայացուցիչ Քրիս Բոուենը, որը նախագահում էր բանակցությունները, արդյունքը «չափազանց հիասթափեցնող» է որակել։ Նրա խոսքով՝ համաձայնության հասնելու հիմնական խոչընդոտներն էին հանածո վառելիքի և կլիմայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունները։
Հիասթափություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Ես կիսում եմ բոլոր նրանց խոր հիասթափությունը, ովքեր ակնկալում էին, որ կառավարությունները կգործեն այնպես, ինչպես պահանջում է կլիմայական ճգնաժամի լրջությունը», – ասել է նա։
Վերջին անգամ ՄԱԿ-ի կլիմայական բանակցություններն առանց բոլոր երկրների կողմից ընդունված համաձայնագրի ավարտվել էին 2009 թվականին՝ Կոպենհագենում։
Իռլանդիայի շրջակա միջավայրի նախարար Դարագ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող աջակցել առաջարկված համաձայնագրին, մասնավորապես՝ քանի որ դրանում որևէ հիշատակում չկար հանածո վառելիքի մասին, որի օգտագործումը գիտնականները համարում են գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը։
«Անընդունելի է, որ մենք ունենանք կլիմայական համաձայնագիր, որտեղ որևէ հիշատակում չկա հանածո վառելիքի կամ դրանից աստիճանաբար հրաժարվելու անհրաժեշտության մասին», – ասել է նա։
Համաժողովի դիտորդների խոսքով՝ Սաուդյան Արաբիան և նավթ արդյունահանող մի շարք այլ խոշոր երկրներ պնդել են, որ հանածո վառելիքը տեսանելի ապագայում շարունակելու է կարևոր դեր ունենալ համաշխարհային տնտեսության մեջ։ Նրանք նաև ջանքեր են գործադրել, որպեսզի վերջնական փաստաթղթում հանածո վառելիքի մասին որևէ հիշատակում չլինի։