Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկներ Դավիթ Սերոբյանն ու Սմբատ Հակոբյանը և երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։
Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։