Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ
ՀՀ ՌՈ պետը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ,հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
«Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Նախքան խորհրդակցության մեկնարկը՝ ՌՈ պետն անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պաշտոնատար անձանց, այնուհետև անցել խորհրդակցության հիմնական մասին, որի ժամանակ քննարկվել են օպերատիվ վիճակի, կատարողական կարգապահության, կանխարգելիչ բնույթի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման, արատավոր բարքերի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեորեն հետապնդելի արարքների նախականխման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, ինչպես նաև անհատական ու ընդհանուր բնույթի կանխարգելիչ միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ»,- հայտնել են նախարարությունից։