Նկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 966-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման առավելագույն քանակը՝ ամսական 3-ի փոխարեն սահմանելով 30, իսկ տարեկան 30-ի փոխարեն՝ 300 էլեկտրոնային հաղորդում։
Ո՞րն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11–ի թիվ 966–Ն որոշման համաձայն՝
- պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում.
- բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3-րդ հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաև սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով և 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները:
Գործող կարգավորմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդումների ներկայացման քանակական սահմանափակումները և իրավախախտումների տեսակների սահմանափակ ցանկը որոշ դեպքերում սահմանափակում են բջջային հավելվածի հնարավորությունների լիարժեք օգտագործումը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդումների ներկայացման հնարավորությունները։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու այն իրավախախտումների շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային հաղորդումներ՝ դրանք լուսանկարահանելու կամ տեսանկարահանելու միջոցով ամրագրելու պարագայում։
Ինչո՞վ է պայմանավորված որոշման նախագծի ընդունումը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 966-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։
Ի՞նչ է առաջարկվում նախագծով
Նախագծով առաջարկվում է ավելացնել բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումների ներկայացման առավելագույն քանակը՝ ամսական 3-ի փոխարեն սահմանելով 30, իսկ տարեկան 30-ի փոխարեն՝ 300 էլեկտրոնային հաղորդում, ինչպես նաև ընդլայնել բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդումներ ներկայացնելու համար թույլատրելի իրավախախտումների շրջանակը՝ ներառելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի այն իրավախախտումները, որոնց արտաքին դրսևորումները հնարավոր է հավաստիորեն ամրագրել լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով՝ առանց հատուկ մասնագիտական գործողությունների (զննություն, չափում և այլն) իրականացման անհրաժեշտության։
Ո՞րն է առաջարկվող փոփոխությունների նպատակը
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել բջջային հավելվածի գործնական կիրառման հնարավորությունների ընդլայնումը, բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը և նպաստել իրավախախտումների կանխարգելմանը։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների ավելացում է ակնկալվում՝ վարչական իրավախախտումների հայտնաբերման և դրանց համար պատասխանատվության կիրառման հնարավորությունների ընդլայնման արդյունքում։ Միաժամանակ, ներկայումս հնարավոր չէ կանխատեսել պետական բյուջեի եկամուտների ավելացման չափը՝ պայմանավորված իրավախախտումների թվի, դրանց հայտնաբերման հաճախականության և վարչական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձվող տուգանքների ծավալների կանխատեսման անհնարինությամբ։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունները, բարձրացնել իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման արդյունավետությունը, նպաստել վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը և, որպես վերջնարդյունք, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։