Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են
Իրանը դիտարկում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ իրականացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Սի Էն Էն» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ հետախուզությունը բացահայտել է կոնկրետ ծրագրեր, որոնցում նշված են հնարավոր թիրախներն ու հարձակումների վայրերը։ Միևնույն ժամանակ, որևէ նշան չկա, որ հարձակում է նախապատրաստվում հենց այս պահին։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքները տարբերվում են նաև այն հարցում, թե որքանով է Թեհրանն ունակ իրագործելու նման ծրագրերը։
Վաշինգտոնում արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացվել՝ սպառնալիքները գնահատելու նպատակով։ Բացի այդ, ԱՄՆ-ն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների դեմ Իրանի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկությունները։
Սպիտակ տանը հայտարարել են, որ հետևում են բոլոր հնարավոր սպառնալիքներին, սակայն այս պահին ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին հավաստի տեղեկություններ չկան։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ և շինծու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկություններ էր փոխանցել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նախապատրաստվող հնարավոր մահափորձի մասին։