ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա Ղահրամանյան
«ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մի քանի հստակ գրավոր հարց էի ուղղել TRIPP նախագծի, այն ներառող տարածքի, Սյունիքի մարզում սպասվող արտահերթ սահմանազատման (ինչպես ինքն էր անոնսել) վերաբերյալ, բայց նոյեմբերի 12-ին ստացված գրավոր պատասխանը, որը հրապարակում եմ ստորև, է՜լ ավելի է խորացնում մտահոգություններն ու հարցադրումները, որոնք կապված են ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի և TRIPP նախագծի իրականացման անորոշությունների հետ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվում է TRIPP նախագծի ենթակառուցվածքային հարթակի, բայց որևէ հստակություն չկա, թե ինչ պայմաններով և ինչ իրավունքով։
Մհեր Գրիգորյանը, ըստ էության, հաստատում է մի կարևոր հանգամանք` TRIPP-ի իրականացման շուրջ գործընթաց կա, բայց Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ հանրությսնը չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ տարածք է ընդգրկելու նախագիծը, որտեղով են անցնելու ճանապարհներն ու ինչ սահմաններով է այն իրականացվելու։
Ավելին՝ պատասխանի մեջ կա մի շատ կարևոր հակասություն։ Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչը հրապարակային հայտարարություններում խոսում է Սյունիքում սահմանազատման արտահերթ փուլի հնարավորության, ճանապարհների ու երկաթուղու նախագծման աշխատանքների մեկնարկի մասին, մյուս կողմից՝ պաշտոնական գրավոր պատասխանում նշվում է, որ կոնկրետ տարածքների, ժամկետների և նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշումներ դեռ չկան։
Քաղաքական առումով սա կարևոր է, որովհետև հանրությանը ներկայացվում են առաջիկա գործողությունների մասին հայտարարություններ, բայց գրավոր հարցմանն ի պատասխան, կառավարությունը չի կարողանում նշել նույնիսկ մոտավոր ժամկետ։
Չկա պատասխան նաև այն պարզ հարցին, թե Սյունիքի ո՞ր տարածքներում է լինելու սահմանազատումը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզի մասին է, որտեղ կան օկուպացված տարածքներ և անվտանգության խնդիրներ։
Անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը։ Այս հարցին բովանդակային պատասխան ընդհանրապես չի տրվել։ Փոխարենը հղում է կատարվել աշխատանքային ընթացակարգի 3.4-րդ կետին։
Հայաստանի համար ամենազգայուն հարցի պատասխանը, թե ե՞րբ են դուրս բերվելու ադրբեջանական զորքերը ՀՀ Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքներից
ևս չի տրվում։
Մհեր Գրիգորյանը այս հարցին որևէ պատասխան չի տվել։ Փոխարենը կրկին հղում է կատարել ընթացակարգին, ըստ որի՝ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններից դուրս պաշտոնական մեկնաբանություններն անվավեր են համարվում։
Հաջորդը, ի՞նչ տարածք է ընդգրկելու TRIPP-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ստացված պատասխանն ուղղակի խոսուն է։
Հղում է արվում Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագրին, որի համաձայն՝ TRIPP-ի իրականացման տարածքը պետք է որոշվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ զարգացման ընկերության հետ խորհրդակցություններից և ուսումնասիրություններից հետո։ Եվ, ուշադրություն, վերջում արձանագրվում է՝ այս պահին նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշում չկա։
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի ներքո նախատեսվում են երկաթուղային, ավտոմոբիլային, նավթագազային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր, բայց դեռ չգիտեն կամ հանրությանը չեն ներկայացնում, թե Հայաստանի կոնկրետ որ հողատարածքներն են ընդգրկվելու դրանցում։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, թեև երկաթուղու հնարավոր երթուղու վերաբերյալ որոշակի ուղղություն է նշվում, այն է՝ խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղու նույն դիրքը, բայց չի հստակեցվում
-երկաթուղու սկզբնակետն ու վերջնակետը, ճշգրիտ կոորդինատները,
-ճանապարհի երթուղին,
-երկաթուղու և ճանապարհի հարակից տարածքների սահմանները։
Ավտոճանապարհի վերաբերյալ ևս որևէ հստակություն չկա։ Այսպիսով՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնության շրջանակ են ձևավորել, որտեղ ավտոճանապարհային ենթակառուցվածքը հստակ նախատեսված բաղադրիչ է, սակայն դրա կոնկրետ երթուղին և տարածքային սահմանները դեռ որոշված չեն կամ չեն հրապարակվում։
Ամփոփելով, պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ սեփական ժողովրդին չեն ներկայացնում վերը նշված նախագծերի տարածքային ու տեխնիկական պարամետրերը։
Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին չեն ասում` Սյունիքով Ադրբեջանին տրվելիք անխոչընդոտ ճանապարհը որտեղով է անցնելու, ինչ տարածք է ընդգրկելու և ինչ պայմաններով է իրականացվելու։
Իսկ սա նշանակում է, որ հանրությունը չի ստացել այն տեղեկությունը, որն անհրաժեշտ է գնահատելու Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հետևանքները։
Ադրբեջանական օկուպացիայի հարցը շարունակում է մնալ անպատասխան, մինչդեռ նա ստացել է Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհի վավերացված փաստաթուղթ։
Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանը, ըստ էության, արձանագրում է, որ գործող իշխանությունները ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել»։