Ռուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում, մասնակցի հանդիպումներին, խորհրդակցություններին և խորհրդարանական համաժողովներին, ինչպես նաև մասնակցի անդամ երկրների համատեղ զորավարժություններին, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա որոշում են կայացրել կասեցնել քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու Հայաստանի իրավունքը, ինչպես նաև զրկել նրան կազմակերպությունում ձայնի իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը, որն առաջացել է 2024 թվականից Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու հետևանքով, երբ երկիրը հայտարարեց իր մասնակցության «սառեցման» մասին։
«Դրա համար Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքներին՝ ներկա գտնվի հանդիպումներին, խորհրդակցություններին, համաժողովներին, ամենամյա՝ տարեկան երկու կամ երեք անգամ անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական համաժողովներին։ Այսինքն՝ ցույց տա, որ ինքն ակտիվ մասնակից է»,- ասել է Ջաբարովը «աիֆ․ռու»-ի հետ զրույցում։
Սենատորը հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին։ Չնայած սահմանափակումներին՝ Հայաստանը պահպանում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարց չի դրվել։