«Աստված տա՝ պատերազմն ավարտվի». Զելենսկին նշել է հաջորդ բանակցությունների հնարավոր վայրը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտին ուղղված հաջորդ խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Իռլանդիայում Թրամփի հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին տված նախագահի մեկնաբանությանը։
Պետության ղեկավարի խոսքով՝ հաջորդ փուլի անցկացման վերջնական վայրը կախված կլինի բանակցային թիմերից։
«Կարող են լինել թե՛ Էմիրություններում, թե՛ Շվեյցարիայում, գիտեք, դա արդեն կախված է թիմերից։ Այսինքն՝ մենք բաց ենք», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ իր ուղերձը շատ պարզ է՝ հնարավորության դեպքում ամեն ինչ անել ավելի արագ՝ մարդկանց գերությունից վերադարձնելու, հրադադարի և հետագա քայլերի ուղղությամբ առաջ շարժվելու համար։
Դրական ազդակների մասին հարցին նախագահը պատասխանել է հետևյալը.
«Հաջորդ հանդիպումը կլինի... Աստված տա՝ պատերազմն ավարտվի... Եվ էլի շատ տարբեր բաներ, որոնց մասին առայժմ պատրաստ չեմ խոսել», - պատասխանել է պետության ղեկավարը։
Զելենսկին նաև կրկին հաստատել է, որ հաջորդ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ արդեն կլինի նաև Եվրոպան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար դա կարևոր և սկզբունքային հարց էր, և իրենք երկու տարի պայքարել են դրա համար։