Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Total Chess World Championship Tour Pilot հեղինակավոր մրցաշարի նախնական՝ կայծակնային փուլում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը՝ 14-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի առաջին համար Մագնուս Կառլսենը, որն առանց պարտության 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։
Լևոն Արոնյանը 9 տուրում գրանցել է 4 հաղթանակ, 4 ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն։ Հայ գրոսմայստերը հատկապես տպավորիչ է անցկացրել մրցաշարի վերջնամասը՝ եզրափակիչ տուրում պարտության մատնելով հնդիկ Արջուն Էրիգայիսիին և 6 միավորով տեղ ապահովելով լավագույն եռյակում։ Երկրորդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հայկ Մարտիրոսյանը նախնական փուլն ավարտել է 4,5 միավորով (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն)։ Մեր շախմատիստը մեկնարկային տուրում միավորը կիսել է Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, այնուհետև առավելության հասել Աբհիմանյու Միշրայի, Շահրիյար Մամեդյարովի, Յորդեն վան Ֆորեստի և Վայշալի Ռամեշբաբուի նկատմամբ։ Մարտիրոսյանը զիջել է Յան Նեպոմնյաշչուն, Ֆաբիանո Կարուանային, Ալիռեզա Ֆիրուջային, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտվել է մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին։
Կայծակնային մրցաշարի լավագույն եռյակը.
- Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 7 միավոր
- Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 6,5 միավոր
- Լևոն Արոնյան (ԱՄՆ)՝ 6 միավոր
…14. Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)՝ 4,5 միավոր
Հավելենք, որ կայծակնային մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով (ժամանակի վերահսկողությունը՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելում յուրաքանչյուր քայլի համար)։ Այս փուլի արդյունքները ռազմավարական նշանակություն ունեն. դրանք հաշվի են առնվելու խմբային փուլում միավորների հավասարության դեպքում, ինչպես նաև փլեյ-օֆֆի զույգերի ձևավորման ժամանակ։
Նոյեմբերի 11-ին տրվում է արագացված դասական խմբային փուլի մեկնարկը։ Հայկ Մարտիրոսյանը ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Անիշ Գիրին, Յան Նեպոմնյաշչին, Աբհիմանյու Միշրան և Շահրիյար Մամեդյարովը։
Խմբային փուլը կանցկացվի երկու շրջանով. յուրաքանչյուր շախմատիստ խմբի մրցակիցների հետ կխաղա երկուական պարտիա (ընդհանուր՝ 10 տուր)։ Ժամանակի վերահսկողությունը կկազմի 45 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։ Հաղթանակի համար շնորհվելու է 3, իսկ ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 20-ը անցկացվող մրցաշարը, որը միավորում է արագացված դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերը, կազմակերպվել է Norway Chess-ի կողմից՝ ՖԻԴԵ-ի հավանությամբ (որպես 2027-ին մեկնարկելիք համաշխարհային տուրի փորձնական փուլ)։ Մրցաշարին մասնակցում է 24 էլիտար գրոսմայստեր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար ԱՄՆ դոլար։