«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան
Գերմանական հեղինակավոր Bild և Zeit պարբերականների հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Գերմանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է նյարդաբանական հիվանդություն։
Ըստ աղբյուրների՝ խոսքը էպիլեպտիկ բնույթի խանգարումների (աբսանսներ) մասին է, որոնց դեպքում հնարավոր են գիտակցության կարճատև կորստի դրվագներ։ Նման դեպքեր ֆուտբոլիստի մոտ գրանցվել էին դեռևս այս տարվա ամռանը կայացած նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների ժամանակ։
Այս տեղեկությունների ֆոնին գերմանական լրատվամիջոցները հիշատակել են նաև «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի վերջին հայտարարությունները, որտեղ նա լուրջ մտահոգություն էր հայտնել խաղացողի առողջական վիճակի վերաբերյալ:
Նշվում է, որ Մուսիալայի հիվանդությունն ամբողջությամբ բուժելի չէ։ Ներկայումս «Բավարիայի» բժշկական շտաբը փորձում է դեղորայքային թերապիայի միջոցով վերահսկել ֆուտբոլիստի վիճակը, սակայն ակումբի ղեկավարությունում մտավախություն ունեն, որ բուժումը կարող է կայուն արդյունք չապահովել։
Թեև մյունխենյան ակումբն անում է հնարավոր ամեն ինչ ֆուտբոլիստին աջակցելու համար, լրատվամիջոցները չեն բացառել ամենավատ սցենարը՝ ընդհուպ մինչև Ջամալի՝ մեծ սպորտից վաղաժամ հեռանալը։