Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից
2027 թվականի հունվարի 1-ից ամուսինները կարող են իրենց ընդհանուր բնակարանը գրանցել որպես կողակցի սեփականություն, և ամուսիններից մեկի մահից հետո այն չի ներառվի մահացածի ժառանգության զանգվածում։ Սակայն այս կանոնը գործում է միայն այն դեպքում, եթե ամուսինները համատեղ դիմում ներկայացնեն և գույքը գրանցվի։ Հակառակ դեպքում կիրառվում է ժառանգության ընդհանուր կարգը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-321-Ն օրենքով, որով լրացումներ են կատարվել Քաղաքացիական օրենսգրքում, և ՀՕ-322-Ն օրենքով, որով լրացվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը։
Ի՞նչ է տալիս կողակցի սեփականությունը
«Քաղաքացիական օրենսգրքի նոր 201-րդ հոդվածի 1.1-ին մասով ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսնու բացառիկ սեփականության իրավունք։ Այդ դեպքում ամուսիններից մեկի մահից հետո գույքը չի ներառվում նրա ժառանգության զանգվածում և մինչև մյուս ամուսնու մահը շարունակում է պատկանել ողջ մնացած ամուսնուն։
Ի՞նչ պետք է անեն ամուսինները
Իրավունքը գրանցվում է միայն ամուսինների համատեղ դիմումի հիման վրա («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի նոր 2.2-րդ մաս)։ Դիմումին կից, բացի օրենքով պահանջվող մյուս փաստաթղթերից, ներկայացվում է ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը (նույն հոդվածի 2-րդ մաս)։ Համատեղ դիմումը համարվում է ամուսինների հայտարարություն այն մասին, որ նրանց միջև չկա պայմանագիր կամ դատական ակտ, որով փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը։
Կողակցի սեփականության գրանցման համար «Պետական տուրքի մասին» օրենքում առանձին դրույքաչափ նախատեսված չէ։ Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի 1-ին ենթակետով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա գրանցման, պետական տուրքը բազային տուրքի չափով է՝ 1 000 դրամ (8-րդ հոդված)։
Իսկ եթե բնակարանը գնվել է 2027 թվականից առաջ
ՀՕ-321-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով կանոնը կիրառվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։ Եթե գրանցում չի կատարվել, 1247-րդ հոդվածի 1-ին մասի ընդհանուր կանոնով ժառանգությունը բացվում է ամուսնու մահվան օրը։
Կողակցի սեփականությունը կարևոր է նաև հետադարձ հիփոթեքի համար. ամուսինների ընդհանուր բնակարանը կարող է լինել հետադարձ հիփոթեքի առարկա միայն այն դեպքում, երբ երկուսն էլ հասել են կենսաթոշակային տարիքի, և բնակարանը գրանցված է որպես ամուսնու բացառիկ սեփականություն (Քաղաքացիական օրենսգրքի 272.3-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Ամփոփելով՝ 2027 թվականի հունվարի 1-ից ամուսինների ընդհանուր բնակարանը մեկի մահից հետո ամբողջությամբ կմնա ողջ մնացածին միայն այն դեպքում, եթե ամուսինները համատեղ դիմումով այն գրանցեն որպես կողակցի սեփականություն, ինչը կարելի է անել նաև արդեն ձեռք բերված բնակարանի համար», – տեղեկացնում է կայքը։