Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը «չափազանց մոտ են» ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ CBS News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում» և փաստացի չի բացառել, որ Ուկրաինայի սահմանները կփոխվեն խաղաղ կարգավորման արդյունքում, իսկ թե ինչպես, նա չի մանրամասնել:
«Կարծում եմ՝ մենք դա կանենք … և Ուկրաինան կհայտնվի մի փոքր այլ վիճակում», – ասել է Թրամփը։
Նա որպես կարգավորման հիմնական խոչընդոտ նշել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև անձնական թշնամանքը: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա խորը փոխադարձ ատելություն, ինչը բարդացնում է բանակցությունները:
Ըստ Թրամփի՝ նոր համաձայնագիրը կվերաբերի Ուկրաինային և ողջ Եվրոպային. ի՞նչ է այն նախատեսում
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ասել, թե երկու առաջնորդներից որին է ավելի շատ վստահում՝ նշելով, որ երկուսի հետ էլ լավ հարաբերություններ է պահպանում:
Նա հերթական անգամ նշել է, թե հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը 2022 թվականին։ Հակամարտությունը, ըստ Թրամփի, կավարտվի միայն իր շնորհիվ։ «Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի … Միակ պատճառը, որ այս պատերազմը կավարտվի, ես եմ», – ասել է նա:
Հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Նա նշել էր, որ կողմերը պետք է հաշվի առնեն նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, շփման գծում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի կողմից նախկինում ուրվագծված կարգավորման պայմանները։
Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք Պուտինը չի մոլորեցնում ԱՄՆ նախագահին, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»: Լրագրողը նաև ենթադրել է, որ Ռուսաստանի առաջնորդը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը: Թրամփը պատասխանել է՝ պնդելով, որ ոչ ոք Մոսկվայի նկատմամբ իրենից ավելի կոշտ քաղաքականություն չի վարել՝ հղում անելով առևտրային սահմանափակումներին, պատժամիջոցներին և Ուկրաինային հակատանկային զենքի մատակարարմանը:
Հարցազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է, որ չնայած Թրամփի պնդումներին, որ խիստ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, Վաշինգտոնը մեղմել է ռուսական դիզելային վառելիքի գործարքների սահմանափակումները։ Թրամփը հերքել է, որ պատժամիջոցները վերացվել են՝ ասելով, որ պարզապես Ռուսաստանին թույլ է տվել անհրաժեշտ վառելիքը մատակարարել համաշխարհային շուկա, ինչը նա չի համարում էական զիջում Մոսկվային։
Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դրանք կկենտրոնանան անվտանգության երաշխիքների վրա և կանցկացվեն փակ դռների հետևում։