Ֆրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան ներկայացված կլինի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ֆրանսիական RTL ռադիոկայանին։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան կմասնակցի քննարկումներին՝ ներկայացնելով եվրոպական երկրների դիրքորոշումները։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի ապագային վերաբերող հարցերը չեն կարող քննարկվել առանց եվրոպական կողմի շահերն ու պահանջները հաշվի առնելու։
Միաժամանակ Բարոն չի հստակեցրել, թե ով է ներկայացնելու Ֆրանսիան և ինչ ձևաչափով է եվրոպական կողմը մասնակցելու բանակցություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպական երկրների ներկայացուցիչներն անելիք չունեն Աբու Դաբիում նախատեսված բանակցություններում։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։