Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ
Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը։ Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Անկախության հռչակագրի պաշտպանության, պետության հիմնադիր փաստաթղթերի անձեռնմխելիության և Բաքվից ՀՀ իշխանությունների միջոցով պարտադրվող օրակարգերի շուրջ համախմբումը միանշանակ դրական ու ողջունելի երևույթ է, որտեղ արդեն երկրորդական են անձնական և քաղաքական մոտեցման հարցերը։
Ես ինքս իմ հանրային գործունեությամբ ու փաստերով բազմիցս ցույց եմ տվել Ալիևի և Փաշինյանի քաղաքականության սինխրոնիզացիան՝ ընդդեմ Հայաստանի, իսկ իրականում՝ Փաշինյանի կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Իրերը կոչենք իրենց անուններով։
Դրա հետ մեկտեղ կա մի կարևոր խնդիր՝ ուղղված, պայմանական ասած, երեք կամ հինգ քայլ առաջ նայելուն։ Շատ կարևոր է, որ իրազեկման, հանրության հետ աշխատանքի շրջանակներում նույն ընդդիմադիր ուժերը առաջ քաշեն ճիշտ հարցադրումներ, որ խաղաղության կառուցման թեման ի չիք է դառնում Ադրբեջանի զավթողական ու ծավալապաշտական ծրագրերի, չդադարող ատելության խոսքի, գերիների պահման պայմաններում։ Ադրբեջանը խաղաղության կառուցման գործընկեր չէ։
Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված։ Ի վերջո, ինչպե՞ս ու ինչ ուղիներով ենք դիմակայում Ադրբեջանին, ի՞նչ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական գործիքակազմեր կան, ի՞նչ միջազգային դերակատարներ կան, որոնց հետ շահերի խելացի համադրումը կարող է բերել Ադրբեջանի զսպմանը ու մեր՝ ոտքի կանգնելուն։
Սրանք շատ կարևոր հարցեր են հաջողելու համար, որովհետև նույն «Քանդենք պետությունը» կարողացել է երրորդ անգամ մնալ իշխանության, քանի որ հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը։ Լուծում չտեսնելը կամ փակուղիներ ստեղծելը սեփական անկարողության խոստովանություն է։
Լուծումներ, իհարկե, կան։ Ինքս տարբեր առիթներով ներկայացրել եմ Ադրբեջանին դիմակայելու որոշ տարբերակներ։ Բայց դա ավելի լուրջ, կարևոր հանրային քննարկման առիթ պետք է դառնա։ Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, վստահեցնում եմ՝ թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը շատ ավելի հեշտ իրագործելի կդառնան։
Հ․Գ Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը»,- գրել է նա։