Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել
Ուկրաինան կարող է դիտարկել ընտրություններում առցանց քվեարկության ներդրման հնարավորությունը՝ Գերագույն ռադայի կողմից համապատասխան օրենսդրական լուծումներ մշակելու պայմանով, որոնք կերաշխավորեն առաջնագծում գտնվող զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Բոլոր մասնագիտությունները կարևոր են, բայց պատերազմի ժամանակ զինվորի մասնագիտությունն ամենակարևորն է, որովհետև զինվորներն իրենց կյանքն են վտանգում: Եվ թույլատրել ընտրությունների անցկացումը, բայց զինվորներին քվեարկելու հնարավորություն չտալ՝ անարդար է: Դա հարյուր տոկոսով անարդար է: Մենք կարող ենք մտածել առցանց ընտրությունների մասին: Դա, հնարավոր է, իրատեսական է, բայց այդ դեպքում խորհրդարանը պետք է փնտրի և գտնի լուծումը»,- ասել է Զելենսկին:
Նախագահը պարզաբանել է, որ ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ճակատում դեմ են ընտրությունների անցկացմանը՝ խրամատներում, որտեղ միլիոնավոր պաշտպաններ են գտնվում, քվեարկություն կազմակերպելու տեխնիկական հնարավորության բացակայության պատճառով: Նախագահն ընդգծել է, որ հենց մարտիկներն են պահպանել և շարունակում պաշտպանել ուկրաինական պետականությունը, ուստի պետության ղեկավար ընտրելու նրանց առաջնահերթ իրավունքի ապահովումն արդար ընտրական գործընթացի հիմնարար պայմանն է: