Ողբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում երեկ ողբերգական ավտովթարից մահացածներից մեկի` փոխգնդապետ Վահրամ Ասատրյանի ծնողները դեռևս տեղյակ չեն իրենց որդու, հարսի ու թոռան մահվան մասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանը։
«Ծնողներին դեռ չեն ասել։ Նրանք ապրում են կրտսեր որդու հետ։ Վահրամը ընտանիքի հետ Երևանում էր բնակվում, եկել էին ծնողներին տեսակցելու ու վերադառնում էին Երևան»,- ասել է Իսրայելյանը։
Արմեն Իսրայելյանը նշեց, որ Վահրամ Ասատրյանը դեկտեմբերին կդառնար 50 տարեկան, նա Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։
Նրա կինը` Անժելան` 49 տարեկան էր: Նրանց որդին էլ` Ռաֆայելը, օրեր առաջ էր դարձել 18 տարեկան, շուտով պետք է զորակոչվեր զինվորական ծառայության։ Ամուսինները նաև երկու դուստր ունեն ՝ 25 և 27 տարեկան։ Երկուսն էլ ամուսնացած են։
Նրա խոսքով ՝ Վահրամ Ասատրյանը եղել է «Jeep Compass» ավտոմեքենայի ղեկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը` վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։