Բաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը
Պաշտոնական Բաքուն շարունակում է առաջ մղել Հայաստանի տարածքի նկատմամբ իր հավակնություններն արտահայտող «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը՝ դրանում ներգրավելով նաև կրոնական կառույցներին։
Այս քաղաքականության շրջանակում նախօրեին ներկայացվել է «Իրևանի ղազիության պատմությունը» խորագրով գիրքը, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համագործակցությամբ։
Գրքի շնորհանդեսի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ իրենց կառույցի գործունեության կարևոր ուղղություններից է «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվության տարածումն ու այդ թեմայով նախաձեռնությունների իրականացումը։
Նա վերահաստատել է ադրբեջանական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր։ Փաշազադեն նաև պնդել է, թե ներկայիս Հայաստանի տարածքում երբեմնի գործող մուսուլմանական կրոնական կառույցների գործունեության դադարեցումը կապված է ադրբեջանցիների նկատմամբ իրականացված, իր բնորոշմամբ, էթնիկ զտումների և տեղահանությունների հետ։
Անդրադառնալով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ձևավորմանը՝ Փաշազադեն այն ներկայացրել է որպես Իլհամ Ալիևի կարևոր նախաձեռնություններից մեկը։
Նրա հայտարարության համաձայն՝ Երևանի պատմական ղազիության գործունեության վերականգնումն այսօր դիտարկվում է որպես անհրաժեշտ քայլ։ Այսպիսով, ադրբեջանական կրոնական կառույցի ղեկավարը ևս աջակցություն է հայտնել Բաքվի առաջ մղած «Արևմտյան Ադրբեջան» օրակարգին։