Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը
Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կկանչի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վեճերին, ապա խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել, հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը, բայց դա այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասել է Մակունցը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 15-րդ կետը սահմանում է.
«Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։