Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ
Կարմիր գույնը խորապես արմատավորված է ռուսական մշակույթում և ժողովրդական բանահյուսության մեջ։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հայտարարել է ստեղծարար արդյունաբերության ոլորտի մասնագետ Իրինա Կարիմովան։
Նրա խոսքով՝ Pantone գույնի ինստիտուտի առաջարկած գունային ներկապնակները ռուսական շուկայում կիրառելիս հաճախ ի հայտ են գալիս ազգային առանձնահատկություններով պայմանավորված տարբերություններ։
«Երբ աշխատում էինք դիզայներների հետ, նկատում էինք, որ արտասահմանյան գունային ինստիտուտների կանխատեսումները հաճախ չեն համապատասխանում մեր իրականությանը՝ այն գույներին, որոնք իրականում ցանկանում են կրել մեր սպառողները։ Ժամանակն է ինքնուրույն կանխատեսումներ անել», -նշել է Կարիմովան։
Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է ոչ միայն հետևել միջազգային միտումներին, այլև ինքնուրույն ձևավորել դրանք։
«Եթե պատմական տեսանկյունից նայենք, ապա ռուսական ժողովրդական բանահյուսության մեջ ամենախոր արմատներ ունեցող գույնը կարմիրն է։ Մենք նույնիսկ ասում ենք՝ «կարմիր արև», «կարմիր աղջիկ»։ Մեզ համար կարմիրը նաև գեղեցիկի խորհրդանիշ է», -ասել է նա։
Կարիմովան ընդգծել է, որ Ռուսաստանում տարվա գույնի ընտրությունից բացի անհրաժեշտ է մշակել նաև սեփական գունային ներկապնակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան հայտարարել էր, որ Ռուսաստանը կունենա տարվա սեփական գույնը։ Այն կընտրվի հանրային տարածքում ռուսական նոր ոճի մշակման և առաջխաղացման խորհրդի շրջանակում։