ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է հաստատել Սամվել Մկրտչյանի թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ -ին։
«Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», -Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնություն տալ Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ Ըստ հրապարակումների՝ հնարավոր պատճառը դիվանագետի նախկին աշխատանքն էր եվրոպական երկրներում։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Մկրտչյանը 2018 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեհաստանում Հայաստանի դեսպան։ Նախկինում նա ղեկավարել է Լիբանանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, ներկայացրել Հայաստանը ՆԱՏՕ-ում, ինչպես նաև ղեկավարել ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությունը։ 2025 թվականի գարնանը Մկրտչյանը հյուրընկալել է Եվրամիության փորձագիտական առաքելությանը՝ վիզային քաղաքականության շուրջ երկխոսության շրջանակում։