Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ անհրաժեշտ է համարում հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկել երկրների ղեկավարների մակարդակով։
«Ես գիտեմ, որ (Թուրքիայի) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի իր կապերը Պուտինի հետ։ Այդ իսկ պատճառով մենք կողմ ենք Թուրքիայում հանդիպմանը։ Բայց այստեղ կա շատ կարևոր մի պահ։ Ինչպես նշեցիք, Թուրքիայում առանց այն էլ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում նույնպես տեղի են ունեցել հանդիպումներ տեխնիկական խմբերի և պատվիրակությունների միջև։ Ձեռք են բերվել տարբեր արդյունքներ, սակայն պատերազմը շարունակվում է», – հայտարարել է Զելենսկին «ՍիԷնԷն Թյուրք»-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եթե առաջնորդների հանդիպումը չհանգեցնի առաջընթացի, դա նոր հարցեր կառաջացնի և կնշանակի դիվանագիտության պարտություն։
Զելենսկու խոսքով՝ տեխնիկական խմբերին երբեմն դժվար է լինում արդյունքի հասնել, սակայն նա կարծում է, որ առաջնորդների մակարդակով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր, եթե ցուցաբերվի քաղաքական կամք։ Հենց այդ պատճառով Ուկրաինայի նախագահը պնդում է Պուտինի հետ հանդիպումը՝ որպես մի մարդու, ով իր նման վերջնական որոշումներ է կայացնում։