Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը. Սեյրան Օհանյան
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում: Նախարարը հավաստիացրեց` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և պահպանում են հրադադարի ռեժիմը: «Մեր համագործակցության և փոխօգնության շրջանա կներում ես Պաշտպանության բանակի առաջնագծում էի, անձնակազմի տրամադրությունը բարձր է, ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վստահեցրեց նախարարը:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: