Հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը չի փոխվել
Ուշադրության կենտրոնումՀայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի ուղղությամբ օպերատիվ իրավիճակը նախորդ գիշեր մնացել է նույնը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»: