Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են Սաուդյան Արաբիային վեց հարված հասցնելու մասին։ Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում հայտնել է, որ թիրախավորվել են թագավորության օդանավակայանները և նավթավերամշակման գործարանները։
«Առաջին գործողությունը բալիստիկ հրթիռով թիրախավորել է Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը, և հարվածը ճշգրիտ էր», – նշել է նա հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան արված գրառման մեջ։
Պաշտոնյան հավելել է, որ թիրախավորվել են Աբկայկում գտնվող «Արամկո» ընկերությունը, մայրաքաղաք Էր Ռիադի «Խալիդ արքա» և Դամմամի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանները, Ռաբիղ նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Նաջրանի շրջանում սաուդյան զորքերի հավաքատեղին, որի հետևանքով զինվորներ և սպաներ են զոհվել ու վիրավորվել։