Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ
Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքներով աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և հավելավճարների տրամադրման կարգավորումներում։ Մասնավորապես, նախատեսվում է 2028 թվականի հունվարի 1-ից սահմանված պայմանների դեպքում մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափ սահմանել։
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել կրկին ատեստավորմանը մասնակցելու դեպքում ավելի բարձր կամ ավելի ցածր արդյունքների կիրառման կարգը, ինչպես նաև սահմանել, թե ինչ պայմաններում ուսուցիչը կարող է ավելի ցածր դրական արդյունքին համապատասխան հավելավճար ստանալ։ Փոփոխություններով նախատեսվում է նաև հստակեցնել ֆինանսական հաշվարկների համար հիմք ընդունվող տվյալների ամրագրման ժամկետները։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի նպատակն է խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու կրկին ատեստավորմանը մասնակցությունը, ինչպես նաև հստակեցնել դրույքաչափի փոփոխության և հավելավճարների տրամադրման պայմանները։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները
Գործող կարգավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ։ Նախագծով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել այդ կարգում։
Մասնավորապես, առաջարկվում է 2027 թվականից սկսած ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից սահմանել մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափ՝ նախագծով նախատեսված դեպքերում։
Կարգավորումը վերաբերում է այն ուսուցիչներին, որոնք ունեն կարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արդյունքը և կրկին մասնակցելու արդյունքում համարվել են ատեստավորված, ինչպես նաև այն ուսուցիչներին, որոնց կամավոր ատեստավորման արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցության ժամանակահատվածից։
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել կրկին ատեստավորման դեպքում ավելի բարձր կամ ավելի ցածր արդյունքի որոշման սկզբունքը։ Արդյունքների համեմատությունը կատարվելու է ըստ դրանցով նախատեսվող հավելավճարի իրավունքի։ Այսինքն՝ թեստավորման տոկոսային ցուցանիշի փոփոխությունն ինքնին չի նշանակում հավելավճարի չափի փոփոխություն։
Եթե արդյունքը բարելավելու նպատակով կրկին ատեստավորմանը մասնակցած ուսուցիչը ստանա ավելի ցածր արդյունք, ապա վերջին դիմած տարվա ատեստավորման արդյունքի վերաբերյալ հրամանի ընդունումից հետո 10-օրյա ժամկետում կարող է դիմում ներկայացնել՝ ավելի բարձր արդյունքի գործողության ժամկետի ավարտից հետո ավելի ցածր արդյունքին համապատասխան հավելավճար ստանալու համար՝ դրա գործողության ժամկետի մնացած ժամանակահատվածում։
Փոփոխություններ են առաջարկվում նաև «Ինֆորմատիկա» առարկայի անվանման կիրառության մասով։ Կարգի 8-րդ և 9-րդ կետերում առաջարկվում է այն փոխարինել «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» անվանումով՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված փոփոխությունը։
Ֆինանսական հաշվարկների համար առաջարկվում է հիմք ընդունել ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները՝ հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ։
Նախագծով նախատեսվում է նաև լրացնել կարգի 80-րդ կետում հղումները՝ համատեղությամբ աշխատող ուսուցիչների նկատմամբ նոր դրույքաչափի կիրառությունը հստակեցնելու նպատակով։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության միջև կապի հստակեցում, կրկին ատեստավորման ֆինանսական հետևանքների կանխատեսելիության բարձրացում և հատկացումների հաշվարկման գործընթացի բարելավում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը հիմնավորվում է կրթության զարգացման, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման վերաբերյալ ռազմավարական փաստաթղթերով ու կառավարության ծրագրային դրույթներով։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա՝ պայմանավորված սահմանված դեպքերում մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց 300 հազար դրամ դրույքաչափի սահմանմամբ և վարձատրության վերահաշվարկով։ Պետական բյուջեի եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Ծախսերի կանխատեսվող ավելացման հաշվարկը ներկայացված է նախագծին կից ֆինանսական հաշվարկում։