ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին
Հայաստանի կենտրոնական բանկը զգուշացնում է կառույցի անունից կեղծ լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին։
Կենտրոնական բանկը հրապարակել է կեղծ փաստաթղթերի օրինակներ և նշել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են դրանք՝ ներկայացնելով որպես ԿԲ-ի կողմից տրամադրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր։
«Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։
Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00), էլ. հասցե՝ secretariat@cba.am)։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակներում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։