Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և նրա հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշների փաստաբանները Vanity Fair ամսագրին և Condé Nast պարբերականին նամակ են ուղարկել՝ պահանջելով արձագանքել Ադրբեջանի միջոցով գաղտնի բանկային հաշիվներ ենթադրյալ դրամական փոխանցումների մասին հրապարակմանը, հայտնում է The Hill-ը։
Պաշտպանությունը հոդվածում ներկայացված մեղադրանքներն անվանել է կեղծ և Քուշների հեղինակությունը վարկաբեկող։
«Մենք պաշտոնապես տեղեկացնում ենք Vanity Fair-ին և Condé Nast-ին մեր վստահորդ Ջարեդ Քուշների վերաբերյալ հրապարակված կեղծ և վարկաբեկիչ պնդումների մասին»,- X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Չադ Միզելը։ Նրա կարծիքով, հետաքննության արժանահավատությունը հարցեր է առաջացնում նաև անկախ լրագրողների շրջանում։
Փաստաբանների պահանջի պատճառը հոկտեմբերի 22-ին հրապարակված նյութն է, որում ներկայացվել է հատված հետաքննող լրագրող Մեթյու Քոուլի՝ «Իշխաններ և գողեր. Ջարեդ Քուշների և Մուհամեդ բին Զայեդի գաղտնի ծրագիրը՝ վերափոխելու Մերձավոր Արևելքը» գրքից։
Հրապարակման համաձայն՝ Նիդերլանդների հետախուզական ծառայությունները, հետևելով Ջարեդ Քուշների հեռախոսային հաղորդակցություններին, տեղեկություններ են ձեռք բերել գաղտնի բանակցությունների և ֆինանսական գործարքների մասին։ Հեղինակը պնդում է, որ այդ գործարքների շրջանակում Ադրբեջանի միջոցով խոշոր գումարներ են փոխանցվել։
Հետաքննության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրություններում First Abu Dhabi Bank-ի հաշվեհամարին մոտ 750 մլն դոլարի մուտք է եղել։ Հաշվի սեփականատերը, որին հեղինակը նշել է որպես Alpha, եղել է Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄԷ կառավարության կողմից։ Միաժամանակ, Քոուլի վարկածով, Քուշներն ունեցել է հաշվի ստորագրության իրավունք։ Հեղինակը նաև պնդել է, որ միջոցները դոլարով մուտք են արվել ադրբեջանական բանկից։
Հրապարակման համաձայն՝ ադրբեջանական բանկերը կարող էին օգտագործվել որպես միջնորդ՝ արտերկիր խոշոր գումարներ փոխանցելու համար։ Մասնավորապես, ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթներով փոխանցված գումարները ադրբեջանական բանկերի միջոցով փոխարկվել են ԱՄՆ դոլարի և ուղարկվել այլ երկրներ։ Մեթյու Քոուլը նաև պնդել է, որ 2018 թվականի գարնանը Ադրբեջանի միջոցով մոտ մեկ միլիարդ դոլար է փոխանցվել Իսրայելին։ Սակայն հայտնի չէ, թե ում են պատկանել այդ գումարները և ով է կազմակերպել փոխանցումը։ Չկան նաև ապացույցներ, որ գործարքին մասնակցել են Ադրբեջանի իշխանությունները։
Նամակում փաստաբանները պահանջել են անհապաղ հեռացնել հատվածը բոլոր հարթակներից և պահպանել դրա հրապարակման հետ կապված փաստաթղթերը։ Նրանք իրենց վստահորդի հասցեին հնչած մեղադրանքներն անվանել են կեղծ և վրդովեցուցիչ՝ նշելով, որ դրանցով փաստացի նրան ծանր հանցագործություններ են վերագրվում։
Ավելի վաղ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել էր, որ իր վստահորդը տեղյակ չի եղել հետաքննությունում հիշատակված հաշիվների մասին, դրանց հետ կապ չի ունեցել և օրենք չի խախտել։ ԱՄՆ-ի Իսրայելում նախկին դեսպան Դևիդ Ֆրիդմանը, որին հեղինակը ներկայացրել էր որպես միջնորդ Քուշների և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, կտրականապես մերժել է համապատասխան պնդումները։