Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ
Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ հազար մարդ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը՝ ներկայացնելով նախնական տվյալները։
Նախարարի խոսքով՝ իշխանությունների հետ նախապես համաձայնեցված բողոքի ակցիաները սկզբում ընթացել են խաղաղ և բնականոն պայմաններում։ Սակայն օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ սրվել է։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել Փարիզում, Մարսելում, Թուլուզում և Նիցցայում։
Նունյեսը, որին մեջբերում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հայտարարել է, որ իրավապահները բախվել են ցուցարարների կողմից դրսևորվող «բռնության բարձր մակարդակի»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերին մասնակցել է շուրջ 410 հազար մարդ։ Մինչդեռ Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։
Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Փարիզում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դրան մասնակցել է 110 հազար մարդ, մինչդեռ արհմիության գնահատմամբ՝ ցուցարարների թիվը հասել է 250 հազարի։
Ինչպես հաղորդում է «Լը Մոնդ» պարբերականը, բողոքի ակցիաների ավարտից հետո մի շարք քաղաքներում իրավիճակը վերածվել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումների։ Իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։
Լիոնում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, իսկ քաղաքի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրահամեքենաներ։
Նանտում ցուցարարներին հաջողվել է ներթափանցել քաղաքի կենտրոնական հատված, որտեղ իշխանությունները նախապես արգելել էին բողոքի ակցիաների անցկացումը։