Թայվանի պատմության մեջ վարչակազմի առաջին կին ղեկավարը ստանձնեց պաշտոնը
ՄիջազգայինԹայվանի պատմության մեջ կղզու վարչակազմի առաջին կին ղեկավարը ստանձնեց պաշտոնը, պաշտոնակալման արարողությունը մայիսի 20-ին կայացել է Թայբեյ քաղաքի նախագահական պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Հունվարի 16-ին Թայվանում տեղի են ունեցել կղզու վարչակազմի ղեկավարի ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել ընդդիմադիր Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից թեկնածու Ցայ Ինվենը: Սա առաջին դեպքն է, երբ Թայվանի ղեկավար է ընտրվել կին քաղաքական գործիչը: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ցայ Ինվենը հավաքել է ընտրողների ձայների 56,12 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Գոմինդանից Չժու Լիլունը՝ 31,04 տոկոսը:
Տեղական օրենսդրության համաձայն՝ Թայվանի վարչակազմի ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով և չի կարող իր պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետից ավելի:
Պաշտոնակալման կապակցությամբ արտասանած իր ճառում Ցայ Ինվենը հայտարարել Է, որ Թայվանի նոր իշխանությունները հանդես են գալիս ՉԺՀ-ի հետ երկխոսության գործող մեխանիզմների պահպանման օգտին և շարունակելու են ջանքեր գործադրել հարաբերությունների կայուն ու խաղաղ զարգացման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: