Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական հակամարտության հավանականությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն քայլեր է ձեռնարկել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու ուղղությամբ։
C14 News տվյալներով՝ Անկարան ծրագրում էր ամրանալ սիրիական ավիաբազաներից մեկում, սակայն Իսրայելը խափանել է այդ ծրագրերը։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղղակի բախումից հնարավոր կլինի խուսափել՝ ընդգծելով, որ ջանքեր է գործադրում դրա համար։
Միևնույն ժամանակ, նա ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ թուրքական ղեկավարության վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը։ Ավելի վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր հայեցակարգը, որը նախատեսում է անցում զսպման քաղաքականությունից սպառնալիքների ակտիվ կանխարգելմանը, այդ թվում՝ նախահարձակ գործողությունների միջոցով։ Թեև Թուրքիան փաստաթղթում ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի գործողությունները համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։