Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները
Ուկրաինային պատերազմի ավարտից հետո վեց ամիս կպահանջվի ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար։ Այս մասին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով լրագրող Քրիստեն Ուելքերի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին պաշտոնից հեռանալու հնարավորության մասին հարցին՝ Զելենսկին պարզաբանել է, որ իշխանություններին անհրաժեշտ է հարմարեցնել օրենսդրությունը և ապահովել քվեարկության անվտանգությունը, այդ թվում՝ ճակատում գտնվող զինծառայողների համար։
Ավելի վաղ Զելենսկին թույլատրելի էր համարել ընտրությունների անցկացումը Ռուսաստանի հետ 60-օրյա զինադադարի պայմանով՝ մարտական գործողությունների ընթացքում քվեարկության կազմակերպումն անվանելով բարդ խնդիր։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար նախագահին փոխելու ժամանակն է։ Նրա խոսքով՝ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել հակամարտությունը, սակայն նախընտրել է դա չանել։