Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP
Ցուցարարներն այսօր արգելափակել են Փարիզի Լուվրի թանգարանի մուտքը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով թանգարանի տնօրինությանը և արհմիությանը։
Հաղորդվում է, որ թանգարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները սատարում են Ֆրանսիայում ավագ դպրոցականների բողոքի շարժմանը։ Նրանք փակել են Լուվր տանող բոլոր մուտքերը։
Հոկտեմբերի 17-ին ողջ Ֆրանսիայում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են մեկնարկել կյանքի թանկացման և գնաճի դեմ։ Դրանք ուղեկցվել էին ցուցարարների և ոստիկանության միջև թեժ բախումներով, անկարգություններով, ջարդարարությամբ ու վանդալիզմի դրսևորումներով։ Արմատական տրամադրված երիտասարդները կոտրել ու թալանել էին խանութներ, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներ և ավտոմեքենաներ։ Իրավախախտներին ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։