Արբանյակների նկարահանումներն առայժմ չեն հաստատում EgyptAir-ի ինքնաթիռում պայթյունի վարկածը
ՄիջազգայինՏիեզերական արբանյակներից արված նկարահանումների վերլուծությունն առայժմ չի հաստատում այն վարկածը, որ EgyptAir ավիաընկերության ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի մի քանի գերատեսչությունների պաշտոնյաներին:
Եզրակացությունն արվել է լուսանկարների նախնական վերլուծության հիման վրա:
ԱՄՆ-ի պաշտոնատարները հայտարարում են, որ արբանյակային տվյալների նախնական վերլուծությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ օդանավում ռումբ է պայթել: ԱՄՆ-ը ներկայումս չի բացառում աղետի որևէ վարկած, ներառյալ մեխանիկական խնդիրները, ահաբեկչությունը կամ օդաչուի և անձնակազմի միտումնավոր գործողությունները:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղևորներ և անձնակազմի անդամներ:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունն ստացել է երկրի ԱԳ նախարարության պաշտոնական նամակը, որում ասված է, որ կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են հունական Կարպատոս կղզու շրջանում: Այդ մասին հաղորդվում է EgyptAir-ի կայքում:
Ուղևորների և անձնակազմի ընտանիքի անդամներն արդեն տեղեկացված են այդ մասին: Բեկորների որոնումները շարունակում են Եգիպտոսի, Հունաստանի պատկան մարմինները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: